Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելը կարևոր է ցեղասպանությունների կանխման տեսանկյունից. Շավարշ Քոչարյան

Armenpress 15:32, 2 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՐՊԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելը կարևոր է ոչ միայն  հայերի համար` արդարության վերականգնման տեսանկյունից, այլև ողջ աշխարհի համար, որ կանխարգելվեն ապագա ցեղասպանությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն` անդրադառնալով Կիպրոսի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի միաձայն ընդունմանը:

«Նրանք, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ և ճանաչել Ցեղասպանությունը, փորձում են ժխտողականության քաղաքական գիծ տանել ` տարբեր կերպարանքներով: Այդ տեսանկյունից չափազանց կարևոր է ժխտման քրեականացումը,  որովհետև երբ մենք պայքարում ենք Հայոց ցեղասանության ճանաչման և դատապարտման համար, դա ոչ միայն կարևոր է հայերի, այլ ողջ աշխարհի համար, որ ապագայում չկրկնվեն ցեղասպանությունները: Եթե ժամանակին Հայոց ցեղասապանությունն ստանար այն արձագանքը, որ հիմա է ստանում, շատ ավելի քիչ է հավանական այլ ցեղասպանությունների իրականացումը»,- ասաց Քոչարյանը:

Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Կիպրոսն առաջին եվրոպական եւ երկրորդ պետությունն է աշխարհում Ուրուգվայից հետո, որպաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Կիպրոսի ներկայացուցիչների պալատը 1975թ.ապրիլի 24-ին միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձեւը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am