Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների կանխարգելման վեհ գործում. ԱԳ նախարար

Armenpress 14:25, 2 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։

Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում»։

Կիպրոսի խորհրդարանում ապրիլի 2-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Կիպրոսում ցեղասպանությունը ժխտողները կպատժվեն հինգ տարվա ազատազրկմամբ եւ կվճարեն տուգանք 10000 եվրոյի չափով: Կիպրոսը Եվրոպայում 4-րդ պետությունն է Հունաստանից, Սլովակիայից եւ Շվեյցարիայից հետո, որ քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am