Դիարբեքիրի հայկական եկեղեցու կամարների ներքո հայկական երաժշտություն կհնչի

Armenpress 13:24, 28 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին հիշատակի միջոցառումներ տեղի կունենան Դիարբեքիրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական haberdiyarbakir.com-ը: Դիրաբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու հիմնադրամի, Դիարբեքիրի մարդու իրավունքների կազմակերպության և Մեծ Բրիտանիայում գործող Կոմիտաս ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում:

Ապրիլի 23-ին նախատեսված հիշատակի արարողությանը մասնակցելու համար Դիարբեքիր է գալու համաշխարհային ճանաչում ունեցող հայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը, ով մասնակիցների ներկայությամբ կկատարի հայ երաժիշտների ստեղծագործություններ:

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: 2012 թվականի նոյեմբերի 4-ին` 32 տարվա ընդմիջումից հետո այստեղ կատարվեց վերանորոգմանը հաջորդած առաջին եկեղեցական արարողությունը: Նույն օրը եկեղեցում տեղի ունեցավ նաև առաջին պսակադրությունը: Սուրբ Կիրակոս եկեղեցու վերանորոգման աշխատանքներն իրագործվել են Պոլսի Հայոց պատրիարքարանի ֆինանսական աջակցությամբ: Աշխատանքներին աջակցություն է ցուցաբերել նաեւ Դիարբեքիրի քաղաքապետարանը: Վերակառուցվել էր եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, եւ մզկիթների մինարեներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն: Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն, նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել 97 տարի անց:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am