Հայտնի է Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարանի բացման ժամկետը

Armenpress 10:37, 26 Մարտ, 2015

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի Կուրուչուգա եւ Ժոֆրե փողոցներում շուտով հայկական հետքն ու հայի ներկայությունն ավելի կամրապնդվեն: Բուենոս Այրեսի հայ առաքելական եկեղեցու եւ հայկական կազմակերպությունների շենքի կողքը կառուցվում է Հայոց ցեղասպանության թանգարան, որի բացումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հաջորդ տարի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայում Հայոց ցեղասպանության թանգարանի հարցերով պատասխանատու, Հայոց ցեղասպանության հիշատակի հիմնադրամի ղեկավար, պրոֆեսոր Նելիդա Բուլգուրջյանը շեշտում է, որ ներկա դրությամբ ընթանում են շինարարական ակտիվ աշխատանքներ: Նա նշում է, որ թանգարանի կառուցման գաղափարը միավորել է ամբողջ արգենտինահայությանը, եւ բոլորն էլ անհամբերությամբ են սպասում կառույցի բացմանը:

«Նմանատիպ թանգարանը շատ կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ Արգենտինայի ողջ հասարակության համար, քանի որ կառույցը ոչ միայն ներկայացնելու է Հայոց ցեղասպանության փաստերը, այլեւ իր ներդրումն է ունենալու հասարակության կրթման եւ ցեղասպանությունների կանխարգելման հարցում: Հետեւաբար նման թանգարաններ պետք է լինեն աշխարհի բազմաթիվ երկրներում, որպեսզի ժամանակակից հասարակությունը, տեղյակ լինելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին, կարողանա իր ներդրումն ունենալ ապագայում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում»,- ասաց Նելիդա Բուլգուրջյանը:

Թանգարանում կներկայացվի հայ ժողովրդի պատմությունը երեք փուլով: Առաջին բաժնում կներկայացվի հայոց կյանքը Օսմանյան կայսրությունում մինչեւ 1915թ.:  Ինչպես էին հայերն ապրում, ինչ ավանդույթներ եւ մշակութային առանձնահատկություններ ունեին, ընտանիքի նշանակությունն ու կանանց դերն ինչպիսին էին: Երկրորդ բաժնում կներկայացվեն Հայոց ցեղասպանության կադրեր, լուսանկարներ, աուդիո փաստեր, արխիվային նյութեր, վերապրածների վկայություններ: Թանգարանի երրորդ մասը նվիրված է այն հայերին, ովքեր գաղթել են Արգենտինա, այնտեղ հաստատվել, աշխատել եւ ներդրում ունեցել երկրի զարգացման գործում: Թանգարանը կունենա մշտական ցուցադրություն, հատուկ օրեր, հատուկ ցուցադրություններ եւ թեմաներ այս կամ այն օրվա կամ հիշատակի միջոցառումներին նվիրված››,- ասաց Նելիդա Բուլգուրջյանը՝ հավելելով, որ թանգարանի ծրագիրը ուղղված է ոչ միայն հայ համայնքին, այլեւ Արգենտինայի հասարակությանը: Հենց այդ պատճառով որոշվել է, որ հայ եւ արգենտինացի ուսանողները հնարավորություն կունենան այցելել թանգարան անվճար, այնտեղ անցկացնել միջոցառումներ, մասնակցել քննարկումների, դասախոսությունների, որոնք նվիրված կլինեն ցեղասպանությունների կանխարգելմանը:

Թանգարանի ճարտարապետները Խուան Կարլոս Թուֆեկսյանն ու Գիլիերմո Տեր-Գաբրիելյանն են: Թանգարանը եռահարկ է, ավելի քան 1000 քմ տարածքով: Առաջին հարկում լինելու է Ցեղասպանության թանգարանը, որի ցուցանմուշները հավաքվել են վերջին 40 տարվա ընթացքում, իսկ երկրորդ հարկը նվիրված է լինելու Արգենտինայի հայերի մշակութային ժառանգությանն ու արդի ցուցահանդեսներին։ Երրորդ հարկում կգործի գրադարանը։

Դեռեւս 2014 թ. մայիսին Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը, ի հիշատակ Հայ ժողովրդի եւ Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների, Արգենտինայի հայ համայնքին տրամադրեց անհատույց տարածք Հայոց ցեղասպանության եւ մշակութային կենտրոնի կառուցման համար: 

Բուենոս Այրեսի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետան հայտարարել էր, որ Արգենտինայի մայրաքաղաքում Հայոց ցեղասպանության թանգարանի բացումը երաշխավորության մի տեսակ է, որ մարդկությունը այլեւ չի դիմի ցեղասպանությունների, ինչպես եղավ 100 տարի առաջ հայ ժողովրդի հետ: Լարետան շեշտել էր, որ սա նաեւ ցեղասպանությունների մերժման եւ դատապարտման յուրահատուկ ձեւ է, որով պետք է աշխարհին ստիպել ճանաչել կատարված բոլոր ցեղասպանություններն ու պատժել դրանք իրականացնողներին:

Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության հարցերով փոխքարտուղար Կլաուդիո Ավրուխն էլ հավելել էր, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որի չդապարատումը հիմք դրեց հետագա ոճրագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կատարմանը: «Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Ռուանդան եւ մնացած բոլոր ցեղասպանությունները հիմնված են եղել դաժանության եւ ատելության վրա: Մարդկության դեմ հանցանք հնարավոր է իրականացնել միայն ատելության եւ չարության միջոցով: Մենք պետք է պայքարենք այդ ատելության դեմ: Ցեղասպանության փաստերի ընդունումը թույլ կտա ապագայում խուսափել նման ոճրագործություններից եւ մեր հայացքն ուղղել դեպի լավ գործերն ու ավելի հանդուրժող հասարակություններ»,- ասել է Ավրուխը` հավելելով, որ Հայոց ցեղսապանության թանգարանն արգենտինացի հասարակության մի մասն էլ է եւ պատկանում է ոչ միայն հայ, այլեւ արգենտինացի ժողովրդին:

Թանգարանի հիմնարկեքի արարողությանը մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am