Նորվեգացի գործիչները քննադատում են սեփական իշխանությունների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգացի տարբեր գործիչներ քննադատել են Երևանում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին դեսպանի մակարդակով ներկայանալու Նորվեգիայի իշխանությունների որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով նորվեգական vg.no կայքը, պաշտոնական Օսլոն որոշում է կայացրել, որ Երևանում ապրիլի 24-ի միջոցառումներին կմասնակցի միայն Հայաստանում Նորվեգիայի դեսպան Լեյդուլվ Ատլե Նամտվեդտը, ում նստավայրը Մոսկվայում է:
«Սա պատմության ընթացքում ամենամեծ ողբերգություններից է` անկախ նրանից` այն կկոչեն ցեղասպանություն, թե ոչ: Նորվեգիան պետք է ավելի ազդեցիկ քայլ կատարի, քան դեսպանին ուղարկելն է: Ցանկացած այլ քայլ Նորվեգիայի կառավարության կողմից ստորություն և խարդախություն է»,- այս փաստի հետ կապված նշել է նորվեգացի գրող, գիտնական, ստամբուլաբնակ Օյգենե Շուլգինը:
Հայաստան բարձրաստիճան պաշտոնյայի չուղարկելու մասին որոշումը տարօրինակ է անվանել նաև նորվեգացի լրագրող Յան Օտո Յոհանսենը, ով վերջերս Հայոց ցեղասպանության մասին գիրք է հեղինակել: Նա համոզված է, որ հայերի հետ կատարվածը ժամանակակից մարդկության պատմության մեջ առաջին ցեղասպանությունն է եղել: «Նրանք, ովքեր մանրախնդիր են և կարծում են, որ տեղին չէ կիրառել «ցեղասպանություն» եզրույթը հայերի, հրեաների կամ գնչուների հարցում, չեն հասկացել, թե խոսքն ինչի մասին է: Սա փորձ է հիմարացնելու նորվեգական հասարակական կարծիքն իրենց մանրախնդրությամբ, մինչդեռ իրականությունն այն է, որ այս վերաբերմունքի հետևում Թուրքիայի հետ ունեցած տնտեսական շահերն են»,- նշել է Յոհնասենը` ով չի բացառել նաև Հայաստանի թշնամին համարվող Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների ազդեցությունը:
Նորվեգիայի կայացրած որոշման առնչությամբ նմանօրինակ կարծիք է հայտնել նաև նորվեգացի պատմաբան Բարդ Լարսենը: Նա տեղի ունեցածն անվանել է մեծ քաղաքական խաղ, որտեղ ցանկացած կողմ իր շահն է հետապնդում: Լարսենի խորին համոզմամբ` Նորվեգիան իր քայլերով աղճատում է իրական պատմությունը: «Եթե հետևենք այս կառավարության տրամաբանությանը, ապա Հոլոքոստը ևս ցեղասպանություն չի եղել»,- փաստել է նա:
«Արմենպրես»-ը կփորձի ճշտել և իր ընթերցողներին ներկայացնել Հայոց ցեղասպանության տարելիցին Նովեգիայից սպասվելիք մասնակցության մանրամասները Մոսկվայում տվյալ երկրի դեսպանատնից:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան