Գերմանիայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին գրքի շնորհանդես

Armenpress 20:55, 19 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Պոտսդամ քաղաքի Էյնշթեյնի անվան ֆորումում փետրվարի 17-ին տեղի է ունեցել «Լեփսիուսի տուն» հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար դոկտոր Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. հայերի ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառումը վարել է Փարիզի նորագույն պատմության ինստիտուտի նախկին ղեկավար, Բեռլինի ազատ համալսարանի նորագույն պատմության պրոֆեսոր Պետեր Շյոթլերը: Ներկաների բազմաթիվ հարցերին պատասխանել է գրքի հեղինակը: Միջոցառմանը մասնակցել է Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը, ով միջոցառման ավարտին պատասխանեց ներկա լրագրողների հարցերին: Տեղեկանք. «Մահ անապատում: Հայերի ցեղասպանությունը» գրքում հեղինակը պատմական հիմնավորումներով և փաստերով, նոր աղբյուրների տեղեկատվական հիմքերով ներկայացնում է Հայոց ցեղասպանության նախապատմությունը, դրդապատճառներն ու ընթացքը:   



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am