Թուրքագետը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նոր փուլ է կանխատեսում

Armenpress 15:39, 25 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նոր բարձունքներ կգրավի: Դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Ես այն կարծիքին եմ, որ 2015 թվականի առաջին կեսին ամբողջ միջազգային քաղաքական օրակարգը հագեցած է լինելու Հայոց ցեղասպանության խնդրով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ անցնող տարվա ընթացքում 3 նշանակալի իրադարձություն է կատարվել, որոնց ինքը կցանկանա անդրադառնալ: «Առաջինն այն է, որ Հայաստանի քաղաքական հռետորաբանության մեջ նկատվեցին ավելի կոշտ մոտեցումներ, որոնց գագաթնակետը կարող ենք համարել ՄԱԿ-ի ամբիոնից  Հայաստանի Հանրապետության  Նախագահի ելույթը, որով գրողի ծոցն ուղարկվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Կարծում եմ՝ սրանով հաստատվեց, որ մինչեւ 2015 թվականի ապրիլը հայ-թուրքական արձանագրությունները, որոնք վաղուց իրենց սպառել են, պետք է լիովին դուրս գան քաղաքական ասպարեզից»:

Ըստ թուրքագետի՝ երկրորդ ուղղությունն այն է, որ 2014թ. ընթացքում ավելի նշանավորվեց և ընդգծվեց գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության հարցը բարոյական դաշտից պետք է տեղափոխվի իրավական ասպարեզ, որին պետք է հետեւեն իրավական քայլեր:

Թուրքագետը  2014թ. թվականը թուրքական կեղծ իմիտացիոն քաղաքականության քարոզչական հիմնական միտումների բյուրեղացման տարի է համարում. «Արդեն հստակ է, թե ինչպիսին է լինելու Թուրքիայի քարոզչական քաղաքականությունը 2015 թվականին ընդառաջ: Դրանք լինելու են մեծ մասամբ ագրեսիվ, իսկ մի մասը նաև հայամետ կամ հանդուրժողականության կոչեր պարունակող: Սրա վառ օրինակը Թուրքիայի ներկայիս նախագահ Էրդողանի՝ ապրիլին հայ ժողովրդին ուղղված չակերտավոր ցավակցական ուղերձն էր, որի միայն վերնագիրն էր ցավակցական»,- ասաց թուրքագետը:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝  ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ 2015թ. Հայոց ցեղասպանության հետ կապված Հայաստանի հռետորաբանությունը ավելի կոշտանալու է և հասնելու է իր գագաթնակետին: Նրա կարծիքով՝ հայ-թուրքական արձանագրությունները որոշակի կոշտ գնահատականի են արժանանալու Հայաստանի քաղաքական ուժերի կողմից:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am