Հայաստանը և Կիպրոսը վճռական են թուրքական ժխտողականության դեմ պայքարը շարունակելու հարցում

Armenpress 17:22, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Կիպրոսի ժողովուրդներին միավորում են անքակտելի կապերը, որոնք հիմնված են ընդհանուր փորձությունների և երկու ժողովուրդների անցած պատմական ուղու վրա: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կիպրոսի Ներայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն: «Հաշվի առնելով, որ երկու պետություններն իրենց պատմության ընթացքում անցել են մեծ փորձությունների միջով` մենք վճռական ենք շարունակել մեր պայքարը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Կիպրոսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ, որոնց հրավիրված է մասնակցել նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Այնուհետև Օմիրուն անդրադարձավ Թուրքիայի կողմից Կիպրոսի տարածքների գրավման հարցին: Նա ընդգծեց, որ արդեն շուրջ 40 տարի Կիպրոսի տարածքի մի մասը գտնվում է Թուրքիայի ռազմական օկուպացիայի տակ: «Անօրինական կերպով Կիպրոսի տարածքի 37 տոկոսը գտնվում է Թուրքիայի օկուպացիայի տակ, և, չնայած ՄԱԿ-ի ընդունած համապատասխան բանաձևերին, Թուրքիան չի ցանկանում ճանաչել այդ իրողությունը: Վերջերս նաև ներխուժել է Կիպրոսի բացարձակ տնտեսական գոտի՝ խախտելով 1992թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված ծովի մասին կոնվենցիան: Այդ իսկ պատճառով մենք պարտադրված էինք դուրս գալ բամակցություններից՝ Կիպրոսի հիմնախնդրի շուրջ, որովհետև անհնար է շարունակել բանակցություններն սպառնալիքի և վախի մթնոլորտում»,- ընդգծեց նա:

Օմիրուն շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ վստահություն հայտնելով, որ այցն ուրույն դերակատարություն կունենա երկու երկրների կապերի ամրադնպման գործում:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am