Իրանի և Հայաստանի միջև սառեցված բոլոր ծրագրերը տեղից կշարժվեն. Հովիկ Աբրահամյան

Armenpress 18:12, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Իրանի միջև բոլոր այն ծրագրերը, որոնք վերջին 2-3 տարիների ընթացքում սառեցվել էին կամ դանդաղ էին ընթանում, առաջիկայում կվերսկսվեն: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին՝ կապված վարչապետի՝ Իրան կատարած այցելության հետ: «Ես համոզված եմ, որ Իրանում մեր ունեցած պայմանավորվածությունների և քննարկումների արդյունքում այդ բոլոր ծրագրերը տեղից կշարժվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Աբրահամյանը:

ՀՀ վարչապետը համոզմունքն հայտնեց, որ իր գլխավորած պատվիրակության այցը Իրանի Իսլամական Հանրապետություն անցել է արդյունավետ: Նա ընդգծեց, որ բոլոր այն հարցերը, որոնք բարձրացրել է Հայաստանի պատվիրակությունը, ստացել են դրական պատասխաններ: «Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք կզգանք մեր ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքները»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի կառուցման խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ կա ընկերություն, որն աշխատում է այդ ուղղությամբ, փնտրում է ներդրումներ, որպեսզի իրականացվի այդ ծրագիրը: «Մենք գիտենք, որ դա շատ կարևոր խնդիր է մեր տնտեսության համար: Իրանի կառավարությունն էլ արդեն տվել է իր համաձայնությունը, սակայն մենք այս պահին այդ ծրագրիր իրականացման համար ֆինանսական բավարար միջոցներ չունենք: Հենց լինեն առաջարկներ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից, մենք այդ հարցը կքննարկենք Իրանի իշխանությունների հետ, և կարծում եմ, որ մենք այդ հարցում խնդիրներ չենք ունենա»,- նշեց Աբրահամյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am