Սպիտակ տունը ցուցադրության կհանի Հայոց ցեղասպանության որբերի գորգը

Armenpress 21:30, 15 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ Կոնգրեսի և հայ համայնքի երկար ամիսների ճնշումների արդյունքում, Սպիտակ տունը վերջապես պատրաստվում է ցուցադրության հանել Հայոց ցեղասպանության որբերի գորգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

«Նախագահը հստակ որոշում ունի կայացնելու: Եթե Հայոց ցեղասպանության որբերի գորգը հրապարակայնորեն ցուցադրելու մասին Նախագահ Օբամայի որոշումը իրական առաջընթաց է խորհրդանշում, ապա նա այսուհետ պարզ և ազատորեն կխոսի Հայոց ցեղասպանության` այն ահասարսուռ, բայց դեռ անպատիժ մնացած հանցագործության մասին, որի հետևանքով ստեղծվել է այն (գորգը)»,-  հայտարարել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Նա միաժամանակ նկատել է, որ եթե, ընդհակառակը, ԱՄՆ Նախագահի որոշումը ամերիկյան ժողովրդին տված խոստումից խուսափելու հերթական ժեստն է, ապա դա անմիջապես պարզ կդառնա Օբամայի հետագա գործելակերպում: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am