Սինգապուրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օրհնվել

Armenpress 11:07, 30 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Սինգապուր մեկնարկել է սեպտեմբերի 28-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Տերը կատարել է եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը: Արարողություններին ներկա են եղել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Սինգապուրի միջազգային դպրոցի հայ աշակերտներ, քրիստոնեական քույր եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ:

Նույն օրը` երեկոյան, հանրահայտ «Raffles» հյուրանոցում կազմակերպվել է ընդունելություն: Միջոցառմանը ելույթով է հանդես եկել Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սինգապուր ևս մեկ անգամ վկայում է եկեղեցիների վերականգնման ու պահպանման գործում Վեհափառ Տիրոջ հոգածության և տեղի հայ համայնքի նկատմամբ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ վերաբերմունքի մասին: Ներկաներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շնորհավորելով վերջին տարիներին արձանագրված հաջողությունների առիթով և հորդորելով շարունակել հայապահպան ազնիվ առաքելությունը:

Սեպտեմբերի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կայացել է համերգ՝ տեղի շնորհալի հայ երաժիշտների կատարմամբ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am