Թուրքիան պաշտոնական մակարդակով հետևում է Հայոց ցեղասպանության տարելիցի նախապատրաստություններին

Armenpress 15:13, 8 Սեպտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պաշտոնական Անկարան հետևում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ հայակական կողմի նախապատրաստություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը առաջ է քաշել թուրքական քարոզչամեքենայի չարչրկված միտքն այն մասին, թե պատմությունը քաղաքականությանը խառնելը ճիշտ չէ: Նա հիշեցրել է, թե ինչպես տարիներ առաջ Էրդողանն առաջարկել էր Հայաստանի նախագահին համատեղ պատմական հանձնաժողով ստեղծել «իրադարձություններն ուսումնասիրելու համար», որը, սակայն, հայկական կողմը մերժել էր: Չավուշօղլուն մեղադրել է Հայաստանին և հայկական սփյուռքին «երրորդ երկրների միջնորդությամբ տարբեր նախաձեռնություններ իրականացնելու մեջ»: Մասնավորապես, նա իր դժգոհությունն է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ժամանակ առ ժամանակ ներքին կամ միջազգային խորհրդարաններում քննարկվում է Հայոց ցեղասպանության հարցը: Հետ չմնալով իր նախկին գործընկերներից` Չավուշօղլուն ևս ցանկություն է հայտնել, որ «խնդիրը թողնվի պատմաբաններին»:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am