Հայաստանի տնտեսական ակտիվությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 3,4 տոկոսով

Armenpress 15:09, 21 Հուլիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2014-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.4 տոկոսի աճ է գրանցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփ տվյալները, որոնց համաձայն` հունվար-հունիս ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.4, իսկ առևտրի շրջանառության ծավալը` 5.6 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի ծավալը մնացել է անփոփոոխ, իսկ դրանց գների ինդեքսը կազմել է 8,7 տոկոս: Շինարարության ծավալն ընթացիկ տարվա առաջին կեսին ավելացել է 0.4 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը` 4 տոկոսով: Սպառողական գների ինդեքսը ևս գրանցել է 4 տոկոսի աճ, իսկ միջին անվանական աշխատավարձն ավելացել է 7.1 տոկոսով:

2014 թվականի հունվար-հունիս ամիսներին արտաքին առեւտրաշրջանառության աճը կազմել է 1 տոկոս, արտահանմանը` 0.8 տոկոս, իսկ ներմուծմանը` 1.1 տոկոս: Նշված ժամանակահատվածում նկատվել է միայն էլեկտրաէներգիայի արտադրության ծավալի կրճատում շուրջ 3.2 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am