Հայաստանում «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչին հեռուստադիտողները կարող են հետևել ժամը 23:00-ին

Armenpress 10:34, 6 Մայիս, 2014

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչին մնացել են հաշված ժամեր: Երաժշտական այս մրցույթին ամեն տարի  հաջողվում է հեռուստացույցի մոտ հավաքել  միլիոնավոր հեռուստադիտողների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի տարածքում մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը  կցուցադրիվի  մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ  Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո:  Այս երեկո առաջին կիսաեզրափակիչին 10 տեղի  համար կպայքարեն  16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:

Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 50/50 հարաբերակցությամբ:

Արամ MP3-ի  երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել նրա ֆեյսբուքյան էջը: 

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն Արամ MP3-ին ներառել էր «Եվրատեսիլ-2014»-ի մայիսի 4-ին տեղի ունեցած բացման արարողության  կարմիր գորգի վրա հայտնված ամենաոճային մասնակիցների շարքում: Արամ MP3-ն, ով, համաձայն բուքմեյքերների կանխատեսումների, այս տարվա «Եվրատեսիլ»-ի առաջատարն է, հայտնվել է կարմիր գորգին իտալական մաֆիոզիի ոճային տեսքով` կանաչ գուլպաներով, մանուշակագույն փողկապով, սև ակնոցով:

«Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակին մեծ էկրանի առաջ սատարել ցանկացողները կարող են այցելել Yerevan Mall, ուր այցելուների համար մուտքն ազատ է: .

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երաժշտության հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Ի դեպ, Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի ստուգիչ խումբը որոշել են այս տարի առաջին անգամ հրապարկել միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակիչի և համապատասխան կիսաեզրափակիչների ժամանակ: Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են երգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, քանդակագործ, նկարիչ Արման Դավթյանը: Ժյուրիի նախագահն է երաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am