Հայաստանի Ոսկերչական ազատ տնտեսական գոտին գտավ առաջին 7 շահառուներին

Armenpress 12:15, 28 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոսկերչության ոլորտի 7 ընկերություններ պատրաստակամություն են հայտնել իրենց բիզնեսը տեղակայել Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ոսկերչական ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ «AJA ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը և ոսկերչական ընկերությունները կնքեցին համագործացության համաձայնագիր, որով այդ ընկերությունները դարձան ԱՏԳ-ի առաջին շահառուները։ Համաձայնագրով  ազատ տնտեսական գոտին պարտավորվում է նախաձեռնել և ապահովել գոտին համապատասխան ենթակառուցվածքներով և իրականացնել դրա կառավարումը, իսկ շահագործող կողմն իր հերթին պատրաստակամություն է հայտնում ԱՏԳ-ում վարձակալել տարածք՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտներում գործունեություն իրականացնելու նպատակով։ Համաձայնագրի ստորագրումից հետո «AJA ազատ տնտեսական գոտի» ընկերության գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանը նշեց, որ թեև ԱՏԳ-ի վերանորոգման աշխատանքները դեռ ավարտված չեն, սակայն դա չի խանգարում համաձայնության գալ շահառուների հետ։ «Ուրախալի է, որ Կառավարության որոշումից մեկ ամիս անց մենք արդեն ունենք առաջին շահառուները։ Նրանց թիվը բավական մեծ էր, սակայն այսօր միայն 7 ընկերություններ կարողացան ներկա գտնվել համաձայնագրի կնքմանը, իսկ մյուս ընկերությունների հետ համաձայնագիրը կստորագրվի մայիսին»,- ասաց Ուդումյանը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանի խոսքով՝ ստեղծվեղ ազատ տնտեսական գոտին օազիս կդառնա ոսկերչական ընկերությունների համար՝ տեղակայելու իրենց բիզնեսը։ «Այս ոլորտը մեզ համար գերակա ճյուղ է և ուրախալի է, որ դրա ստեղծումը արագ տեմպերով է ընթանում։ «Օրեր առաջ մասնակցեցի Մոսկվայի «Էսթետ» գործարանում մի միջոցառման և տեսնելով այնտեղ արված գործը` համոզվեցի, որ այստեղ ոչ պակաս գործ կարվի»,-ասաց Հարությունյանը։

ԱՏԳ-ի հետ համաձայնագիր ստորագրած ընկերություններն էին ռուսաստանյան «Թանկարժեք» ընկերությունը և Ռուսաստանի գործարար Եկատերինա Գևորգյանի հիմնած ընկերությունը, ամերիկայն «Դուրուս», Ալժիրի «Ալեքս», Հորդանանի «Գոլդեն Սոլուշնս», ամերիկյան «Գոլդ Լիս» և «Պեռլիստ» ընկերությունները։ Այս ընկերությունների շուկան ներառում է Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Իսրայելը, ԱՄԷ-ն, Հոնգկոնգը, Թայլանդը, Ավստրալիան, Բրազիլիան, Չեխիան, Հորդանանը, Պակիստանը և այլն։

Ոսկերչական ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում նախատեսվում է ներգրավել 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում: Մինչ 2015 թվականը տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման և գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.72 մլն դոլար: Նախատեսվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թվականից և լիովին կգործարկվի մինչև 2015 թ. վերջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am