Թուրքիային չի հաջողվի իր այս նոր ոճի մեջ միջազգային հանրությանը հրամցնել իր տեսակետները. Արմեն Աշոտյան

Armenpress 12:10, 24 Ապրիլ, 2014

 ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիային չի հաջողվի իր այս նոր ոճի քաղաքականության պարագայում միջազգային հանրությանը հրամցնել իր տեսակետները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց  ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը: «Հայաստանի քայլերը միջազգային ճանաչման ուղղությամբ ուրվագծված են Հայաստանի նախագահի ուղերձում:  Հայաստանի ուժը իր միասնական ջանքերի մեջ է»,- ընդգծեց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամը:

Նրա խոսքով,  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում անհրաժեշտ է համակարգված աշխատանք`  հատկապես հաշվի առնելով այն, որ  մեր հարևան երկրի քաղաքական մտադրությունները բավականին մշուշոտ են: «Սա ցացահայտելու և աշխարհին հրամցնելու խնդիր կա: Այս առումով մեր անելիքները շատ են, և գալիք տարին պետք է մեր ողջ ջանքերն ուղղենք միասնական գործողությունների իրականացմանը»,- ավելացրեց Աշոտյանը:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տասնյակ պաշտոնյաներ լրագրողների հետ զրույցում կիսվում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի շուրջ իրենց դիտարկումներով: Չի դադարում մարդկանց հոսքը Ծիծեռնակաբերդի բարձրունք:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am