«Եվրատեսիլ»-ում Արամ MP3-ի երգի ընտրության համար պատասխանատուներն աշխատում են տեղի ու արտերկրի կոմպոզիտորների հետ

Armenpress 17:20, 8 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում գերխնդիրը երգի ընտրությունն է: Մեր պատվիրակությունն այժմ ակտիվ աշխատանքներ է կատարում երգի ընտրության ուղղությամբ: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը նշեց, որ երգն ընտրելու համար իրենք աշխատում են ինչպես տեղի կոմպոզիտորների, այնպես էլ արտերկրի մասնագետների հետ: Այն, թե ինչ ձևաչափով կընտրվի մրցույթում մեր պատվիրակ Արամ MP3-ի երգը, հայտնի կդառնա առաջիկայում:

Գասպարյանն առանց վարանելու կարող է փաստել, որ հանրության դրական արձագանքը վկայում է` մեծամասնությունը համաձայն է Հանրային հեռուստաընկերության գեղարվեստական խորհրդի որոշման հետ: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը խոստմանը համաձայն Ամանորի գիշերն իր եթերում հայտարարեց, որ «Եվրատեսիլ 2014»-ում Հայաստանը կներկայացնի երգիչ, երգիծական ժանրի ներկայացուցիչ Արամ MP3-ն: Կարճ ժամանակահատվածում նրա  երկրպագուները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում  խումբ բացեցին, որտեղ երգչին  հետևողների թիվը մի քանի օրվա ընթացքում հասել է 17 հազար 397-ի:

«Նախորդ տարիների համեմատ աննկարագրելի մեծ է հանրության դրական տրամադրվածությունը: Արամ MP3-ին սիրում են, և կարծես բոլորը այս հարցում միակարծիք են»,- նկատեց Գասպարյանը: Ակնհայտ է, որ Արամը  հսկայական աշխատանք է կատարել իր վրա նաև որպես երաժիշտ: Պատահական չէ, որ Արամ MP3-ին այն եզակի երգիչներից է, ով առանձնանում է իր կենդանի կատարմամբ համերգներով, որոնք պարբերական են:

Հունվարի 20-ին կամ 21-ին պարզ կդառնա, թե Հայաստանը որ կիզաեզրափակչում ելույթ կունենա:

Միջազգային հեռուստատեսային մրցույթի պաշտոնական` eurovision.tv կայքը, անդրադառնալով Հանրայինի ընտրությանը, նշել է, որ Արամ MP3-ին ընտրելը լավ և ճիշտ որոշումն էր:

Երգիչ, հաղորդավար, հումորիստ Արամ MP3-ին (Արամ Սարգսյան) ծնվել է 1984թ. ապրիլի 5-ին Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի Ա.Բլոկի անվան թիվ 122 միջնակարգ դպրոցը: 2001-2006թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետում: 2004-2006թթ խաղացել է Ուրախների և հնարամիտների ակումբում, նախ` Հայաստանի միջբուհական, հետո` Մոսկվայում, «Արարատ» հայկական թիմում: 2006-2010թթ եղել է «32 ատամ» հումորային հեռուստանախագծի անդամ: 2007թ. Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ մասնակցել է «2 աստղ» հեռուստանախագծին և դարձել հաղթող: Մեկ երգ և տեսահոլովակ է ձայնագրել երգչուհի Շպռոտի հետ, որը դարձել է հիթ: 2009թ. «Շանթ» հեռուստաընկերությամբ վարել է «10-ի ուժը» և «Հայսուպերսթար» հաղորդաշարերը: 2010թ. «Արմենիա» հեռուստատեսությամբ վարել է «Բարի լույս հայեր» առավոտյան ծրագիրը: 2010թ. կրկին վերադարձել է «Շանթ» հեռուստաընկերություն և եղել է «Իքս ֆակտոր», «Իմ անունն է» նախագծերի հաղորդավարը: 2011թ. ճանաչվել է «Տարվա գովազդային դեմք»: 2010թ-ից «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Վիտամին» ակումբի անդամ է: 2011-2012թթ. վարել է «Հայսուպերսթար» նախագիծը: Հանդես է եկել բազմաթիվ ակումբային մենահամերգներով:

«Եվրատեսիլ 2014»  59-րդ ամենամյա մրցույթը  տեղի է ունենալու Դանիայի մայրաքաղաք  Կոպենհագենի  «B&W Hallerne» արենայում: Երրորդ անգամ է, ինչ մրցույթը  անցկացվելու է Դանիայում, վերջինը` 2001 թվականին էր: Մրցույթի կիսաեզրափակիչները նախանշված են մայիսի 6-ին և 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Մրցույթին մասնակցելու են մոտ 3 տասնյակ երկրներ: 12 երկիր հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթին, պարզաբանելով դա ոչ միայն ֆիննասական խնդիրներով, այլ մրցույթի հանդեպ հետաքրքրության նվազմամբ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am