Գյուղատնտեսության փոխնախարարը լոլիկի շուկայում պակասուրդ չի կանխատեսում

Armenpress 17:12, 13 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լոլիկի շուկայում պակասուրդ չի կանխատեսվում: Այս մասին դեկտեմբերի 13-ին հրավիրած ասուլիսին նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Նրա խոսքով` լոլիկի արտադրության ծավալն ընթացիկ տարում մի փոքր զիջել է նախորդ տարվա ցուցանիշին՝ կապված Արմավիրի մարզում մայիսին գրանցված կարկտահարության և կրկնակի ցանքսի անհրաժեշտության հետ: «Հավաստիացնում եմ ձեզ և հայտարարում, որ լոլիկի շուկայում պակասուրդ չի սպասվում: Մենք աշխատում ենք վերամշակող կազմակերպությունների հետ: Իրենց համար ևս ձեռնտու է արտադրանքն իրացնել տեղական շուկայում, քան արտահանել, որովհետև դա կապված է ծախսերի և ռիսկերի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը` հավելելով որ անհրաժեշտության դեպքում արտահանվող լոլիկի ծավալները հնարավոր է նվազեցնել:

Մակարյանը տեղեկացրեց, որ Հայաստանից այս տարի, դեկտեմբերի 13-ի դրությամբ, արտահանվել է 841 տոննա լոլիկ՝ նախորդ ամբողջ տարվա 140 տոննայի դիմաց: «Արտահանվող լոլիկը տոմատի մածուկի համար հումք չէ»,- ասաց Մակարյանը՝ հավելելով, որ տոմատի մածուկի համար մթերվում է այն լոլիկը, որը շուկայում վաճառքի ենթակա չէ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` Հայաստանում պտուղ-բանջարեղենի և խաղողի մթերումների ծավալը ընթացիկ տարում նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 4.2 տոկոսով և կազմել 224 հազար տոննա: Ընթացիկ տարում Հայաստանից արտահանվել է 60,1 հազար տոննա պտուղ-բանջարեղեն:

 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am