Անդամակցության սառեցմամբ պայմանավորված՝ ՀՀ-ն չի միացել Մոսկվայի ահաբեկչության վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների հայտարարությանը

Armenpress 15:54, 27 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի միացել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հայտարարությանը, քանի որ երկիրը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ–ում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը հայտնեց, որ հայտարարությանը միանալու առաջարկ հայկական կողմին եղել է, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը:

«Հայկական պատվիրակությունը չի միացել այդ հայտարարությանը։ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում»,–ասաց Ղուլյանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները մարտի 26-ին հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով 2024 թվականի մարտի 22-ին Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած դաժան ահաբեկչությունը։

Հայաստանի  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 23-ին ցավակցական հեռագիր էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Նույն օրը նաև Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցական ուղերձ էր տարածել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ՝ խիստ դատապարտելով ահաբեկչական գործողությունը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am