Կիպրոսը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում․ Կիպրոսի ԱԳՆ

Armenpress 15:58, 7 Մարտ, 2024

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսը 2024 թվականին պատրաստվում է դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում, որը որպես հարթակ կծառայի Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացման և խորացման համար։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

«Ինչպես արդեն նշեցի, Կիպրոսը և Հայաստանը կապված են դարերի ընթացքում ձևավորված բարեկամության, ավանդական ու պատմական կապերով։ Կիպրոսի հայ համայնքն առանցքային դերակատարում է ունեցել և հանդիսացել է մեր հասարակությունների անբաժանելի կապը։ Ես մեծ ուրախությամբ եմ հայտնում, որ առաջիկա ամիսներին, անշուշտ, Կիպրոսի հանրապետությունը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։ Ցանկանում եմ ընդգծել այս զարգացման կարևորությունը։ Այն խորհրդանշական է, բայց, միևնույն ժամանակ, այն կհանդիսանա մի հարթակ, որը կբերի մեր երկկողմ համագործակցության օրակարգի էլ ավելի խորացմանն ու ամրապնդմանը, այն, ինչը մենք ուզում ենք»,- իր խոսքում նշեց Կոմբոսը։

Իր հայտարարության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս նշել էր, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Կիպրոսում։

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am