«Նոր գիրք»-18/23. Իշխանյան, Քրիստի, Ալազան

Armenpress 09:16, 15 Մայիս, 2023

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
Վահան Իշխանյան, «Դառը ծով»

Այս գիրքը մեկ այլ գրքի շնորհանդեսի սրճարանից ճամփորդության է տանում ժամանակի ու տարածության միջով, հանդիպեցնում հարյուրավոր կերպարների՝ պատերազմող Չեչնիայից մինչեւ խորհրդային հերթերով ապրող Մոսկվա ու Հնդկաստանի ձրի Գոկառնա, Կաունասի թանգարանի սատանաներից մինչեւ միասեռական հարսանիք Երեւանում, Մոնրեալի՝ սփյուռքահայերի սիրած սուպերմարկետ «Կոսկո»-ից մինչև Երեւանի «ՍԱՍ» սուպերմարկետ, ԿԳԲ-ական հարցաքննություններից մինչև անկախ Հայաստանի ԱԱԾ խուզարկումներ, Հայոց ցեղասպանությունից մինչեւ դուբլինյան իրավապաշտպան կոնֆերանս, խորհրդային պիոներական ճամբարներից մինչեւ գերմանական համակենտրոնացման ճամբարներ, մազերին մկրատ չդիպած իրինդցի տատիկից մինչեւ հինդուիստական ծեսով պսակվող, առաջին արցախյանի մասնակից ռեժիսոր, սփյուռքահայ ուսանողների հանրակացարանից մինչեւ Բաքվից փախստականների հանրակացարան... Ի՞նչ կախարդական գորգով է հնարավոր նման աշխարհագրություն։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

Թարգմանական գրականություն
Ագաթա Քրիստի, «Թունավոր գրիչով ձեռքը»

«Լավ օդ, հանգիստ կյանք, ոչ մի գործ. սա՛ է Ձեր դեղատոմսը». բժշկի այս խորհրդին հետևելով՝ վնասվածքից կազդուրվող օդաչու Ջերի Բարթոնն ու նրա քույր Ջոաննան որոշում են տեղափոխվել Լիմսթոք: Դա աշխարհից կտրված մի խաղաղ գյուղաքաղաք էր, որտեղ երբեք ոչինչ չէր կատարվում, ու որտեղ նրանք ոչ մի ծանոթ չունեին: Հանդարտ և խաղաղ առօրյայով ապրելու փոխարեն նրանք հայտնվում են իրադարձությունների կիզակետում՝ անանուն, չարամիտ նամակներ, ինքնասպանություն, սպանություն…Անվնաս ու բարի թվացող գյուղաբնակներից յուրաքանչյուրը պոտենցիալ հանցագործ է: Միայն միսս Մարփլի խորաթափանց ու մարդկային բնույթը լավ ճանաչող միտքը կկարողանա պարզել իրականությունը: Թարգմանությունը՝ Էլիզա Սարգսյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:

Փաստավավերագրական գրականություն
Վահրամ Ալազան, «Տառապանքի ուղիներում: Հուշագրություն»

 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրությունը ստալինյան բռնությունների լավագույն վկայագրություններից է: Գրքում նկարագրված է ժամանակի դաժան մթնոլորտը, հատկապես մշակույթի ասպարեզում, հայ ժողովրդի արժանավոր զավակների ծանր ճակատագիրը: 1930-40- ական թթ. բանտային ռեժիմի մասին եղած փաստագրական առատ նյութը գրքին հաղորդում է ճանաչողական մեծ արժեք: Հրատարակության պատրաստեց Արքմենիկ Նիկողոսյանը։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am