Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը մեծացել է և մեծանում է, ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է. ԱԺ փոխնախագահ
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը անհրաժեշտ է համարում ամեն ինչ անել՝ հնարավորինս մեծացնելու Ադրբեջանի դեմ միջազգային ճնշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի, Լաչինի միջանցքի փակման համատեքստում միջազգային հանրության կոչերը շատ ավելի հասցեական են, հստակ և կոշտ:
«Պետք է փորձենք միջազգային ճնշումը հնարավորինս մեծացնել Ադրբեջանի վրա: Կարծում եմ, որ երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումը իրապես մեծացել է և մեծանում է, որովհետև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է, և դա Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է: Դուք տեսաք, որ բոլոր երկրների ներկայացուցիչները օգտագործում էին Լեռնային Ղարաբաղ անվանումը՝ ի հեճուկս Ադրբեջանի պնդումների: Բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարևորությունը: Բոլորը ֆիքսում էին Լաչինի միջանցքը և դրա կարգավիճակը: Պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»,- ասաց Ռուբինյանը: