Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է ՀՀ-ում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը երկարաձգելու անհրաժեշտությունը

Armenpress 11:13, 7 Դեկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հայտարարել է հոկտեմբերի 20-ից Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատը շարունակելու անհրաժեշտության մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է դեկտեմբերի 6-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ: 

«Սահմանը մշտադիտարկելու միջոցով այս առաքելությունն իսկապես սահմանափակել է էսկալացիայի վտանգը», - ասել է Կոլոննան: 

Կոլոննան նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը չի թուլացել: Նախարարը վերահաստատել է Ֆրանսիայի և Եվրոպական Միության աջակցությունը Հայաստանին և խոստացել, որ շարունակական ջանքեր կգործադրի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am