Պուտինը Հայաստանի վարչապետին և Ադրբեջանի նախագահին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպման

Armenpress 11:34, 14 Հոկտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ հանդիպում անցկացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հրավերն արվել է Աստանայի Կոնգրես կենտրոնում Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ:

«Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Պետք է համաձայնեցնել ամսաթիվը: Ես այնպես եմ հասկանում, որ հետաքրքրություն կա հանդիպելու, Ռուսաստանում, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում՝ Սոչիում, Պետերբուրգում, Մոսկվայում: Մենք ձեզ հետ կքննարկենք և կորոշենք»,- ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նաև արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը, որում նա մեղադրել էր Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը սրելու, տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու մեջ: ՌԴ նախագահը նշել է, որ այդ հայտարարությունները ոչ կոռեկտ են և անընդունելի:

«Իհարկե, մենք ողջունում ենք ինչ-որ մեկի միջնորդական ջանքերը, միայն թե դրանք լինեն իրավիճակը հանդարտեցնելու, հակամարտությունների բոլոր մասնակիցների օգտին։ Այդ թվում դա վերաբերում է գործընկերների միջնորդությանը, կլինի՝ ԱՄՆ-ից և Եվրոպայից։ Դրա հետ մեկտեղ, ես զարմանքով կարդացի Ֆրանսիայի նախագահի մեկնաբանությունները հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ։ Կարծում եմ, որ այդ հայտարարություններում բացակայում է բուն հակամարտության ընթացքի ընկալումը և, ըստ ամենայնի, բացակայում է կողմերի դիրքորոշման մասին տեղեկատվությունը, ուստի դրանք կոռեկտ չեն հնչել։ Բայց հնարավորություն կլինի, պետք է դեռ Ֆրանսիայի նախագահի հետ դա քննարկել։ Ամեն դեպքում, Ռուսաստանը միշտ անկեղծորեն ձգտել է կարգավորել ցանկացած հակամարտություն, այդ թվում նաեւ Ղարաբաղի եւ նրա շուրջ կապված հարցերը»,- ասել է Պուտինը:

Խոսելով ԱՊՀ տարածքում հակամարտությունների մասին՝ Պուտինը նշել է, որ պետք է ձգտել ստեղծված իրավիճակից առավելագույն ելք փնտրել:

«Իհարկե, ԱՊՀ շրջանակներում փոխգործակցության բոլոր դրական դրսեւորումների դեպքում պետք է հասկանալ, որ, ցավոք, երբեմն ի հայտ են գալիս տարաձայնություններ եւ հակամարտություններ։ Պետք է, իհարկե, ձգտել ելք փնտրել ստեղծված իրավիճակից, որտեղ էլ որ այն առաջանա։ Բարի կամք, իմ կարծիքով, բոլորն էլ ունեն, պետք է այդ բարի կամքը առավելագույնս օգտագործել»,- նշել է ՌԴ նախագահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am