Ադրբեջանը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել հայ զինծառայողների մարմիններ

Armenpress 20:23, 23 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 23-ին որպես միջնորդ մասնակցել է հայ զինծառայողների մարմինների փոխանցմանը Հայաստանի իշխանություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Կարմիր խաչի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

Թե քանի զինծառայողի մարմին է փոխանցվել, Զառա Ամատունին չասաց՝ նշելով, որ թիվը պետք է հաստատեն կողմերը, որոնք և հանդիսանում են գործողության կազմակերպիչը:

Նշենք, որ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը հայկական կողմին է հանձնել ևս 6 ՀՀ զինծառայողի մարմին:

Սեպտեմբերի 17-ին Հայաստանին էր փոխանցվել 32 զոհված զինծառայողի մարմին:

Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը Կարմիր խաչի միջնորդությամբ հայկական կողմին էր փոխանցել ռազմական վերջին գործողությունների ժամանակ զոհված  95 զինծառայողի մարմին:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:

Հայկական կողմը պաշտոնապես  է, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, Բաքուն 79 զոհի մասին է հայտնել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am