Ադրբեջանն Արևմուտքում փորձում է առաջ մղել ՀՀ-ում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը. Փաշինյան

Armenpress 17:23, 14 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին. Ադրբեջանը Արևմուտքում փորձ է անում Հայաստանին ներկայացնել որպես խիստ ռուսամետ, իսկ Ռուսաստանում՝ որպես խիստ արևմտամետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին:

Թորոսյանը հետաքրքրվեց, թե արդյոք վարչապետը Ադրբեջանի այս հարձակման համար որպես գործոն տեսնում  է աշխարհաքաղաքական գործոնը:

«Այո, կա աշխարհաքաղաքական կոնտեքստ, քանի որ Ադրբեջանը բավականին երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը՝ գնում է Արևմուտք, Արևմուտքի հետ շփումներում Հայաստանը ներկայացնում է որպես խիստ ռուսամետ պետություն, պրոռուսական պետություն, և Արևմուտքում, այսպես ասած, փորձում է առաջ մղել Հայաստանում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը՝ Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում: ՌԴ-ի հետ հաղորդակցություններում Ադրբեջանը Հայաստանին ներկայացնում է որպես խիստ արևմտամետ պետություն, որը ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ ինտենսիվ հարաբերություններ ունի և փորձ է անում Ռուսաստանում ստեղծել ըմբռնում, որ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել, պայմանական ասած, արևմտամետ քաղաքականության համար և փորձ է անում նաև ՌԴ-ում ըմբռնում ստեղծել՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար»,-ասաց Փաշինյանը:

Նա չբացառեց, որ և Արևմուտքում, և ՌԴ-ում կան որոշակի շրջանակներ, որոնց այդ գաղափարները դուր են գալիս կամ իրենց մտածածին համահունչ են: Սակայն վարչապետը հույս և համոզվածություն հայտնեց, որ պետական մակարդակում նման ընկալում չկա:  Նա ընդգծեց նաև, որ Հայաստանը վերջին շրջանում շատ ինտենսիվացրել է իր շփումները և ՌԴ-ի, և արևմտյան երկրների հետ՝ նրանց բացատրելով, որ այդ խոսույթը բացարձակապես որևէ կապ չունի ճշմարտության հետ:

«Կիսաճշմարտությունն ավելի վտանգավոր է, քան սուտը: Այն, որ Հայաստանը շատ սերտ հարաբերություններն ունի ՌԴ-ի հետ, փաստ է, չի կարելի հերքել: Այն, որ Հայաստանն ինտենսիվ շփումներ ունի արևմտյան երկրների հետ, դա էլ է փաստ. ԵՄ-ի հետ շատ սերտ համագործակցում ենք, ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսություն ունենք: Բայց այն համատեքստը, որը փորձում է ներկայացնել Ադրբեջանը, բացարձակապես կապ չունի ճշմարտության հետ, որովհետև Հայաստանն ինքնիշխան անկախ պետություն է, որը հավատարիմ է իր պարտավորություններին»,-ասաց վարչապետը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառել նաև այլ ուղղություններով: Հայկական կողմի զոհերի թիվն այս պահին 105-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am