Գլենդելում անցկացվել է մոմավառություն՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 13:25, 24 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում անցկացվել է մոմավառություն ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել նահանգային և քաղաքային կառույցների պատասխանատուներ, ովքեր ևս մեկ անգամ կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին 1915 թվակականի դեպքերը որակել որպես ցեղասպանություն:

Մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծել են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքն ունի մեծ դերակատարություն և ասելիք: Հայ համայնքի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո հայ ժողովրդի աշխատանքը կշարունակվի պահանջատիրության ուղղությամբ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ապրիլի 24-ին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հրապարակումները վերջին օրերին ամերիկյան մամուլի գլխագրերում են՝ հղում կատարելով Սպիտակ տան իրենց աղբյուրներին:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մոտ երեք տասնյակ պետություն՝ Ուրուգվայը, Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիա, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Լիբանանը, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, Եվրախորհրդարանը, Հռոմի պապը:

ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունվել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին:  ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև ընդունվել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am