Ֆրանսիան կարևորում է ցանկացած համաձայնագրում Հայաստանի շահերի պաշտպանումը

Armenpress 17:20, 10 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի հաստատման պարամետրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Reuters»-ը, Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ նշվում է, որ ցանկացած երկարաժամկետ համաձայնագրում պետք է հաշվի առնվեն Հայաստանի շահերը:

Ելիսեյան պալատն իր հայտարարության մեջ նաև նշել է, որ Թուրքիան պետք է դադարեցնի իր սադրանքները տարածաշրջանում և զերծ մնա ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել ապագա պայմանագիրը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ին ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել: Այդ հայտարարությունում, ի թիվս այլ կետերի, նշվում է՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am