Հայաստանը մտադիր է Մեծամորի ԱԷԿ-ի վերազինումն իրականացնել սեփական բյուջետային միջոցների հիման վրա

Armenpress 15:27, 1 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը մտադիր է Մեծամորի ատոմակայանի վերազինումն իրականացնել սեփական բյուջետային միջոցների հիման վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանի հայտարարությամբ, Մոսկվան և Երևանը շարունակում են քննարկել Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար վարկի երկարաձգման հարցը։

«Ատոմակայանի վերազինումը մտադիր ենք իրականացնել մեր բյուջետային միջոցների հիման վրա։ Եվ այս առումով նոր վարկերի հնարավորությունը դիտարկվում է հենց այն պրիզմայից, որ վերոնշյալ գործողությունն անում ենք մեր սեփական միջոցներով»,- ասել է Մնացականյանը:

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ոչ կոռեկտ էր համարել մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, թե հայկական կողմը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման համար ռուսական վարկավորումից։ Ավելի վաղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը 2019 թ.-ի պետբյուջեի ծրագրի կատարման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը Մեծամորի ատոմակայանի վերանորոգումը կավարտի սեփական միջոցներով։ Մոսկվայի հետ վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am