Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառումն իրագործողներին

Armenpress 11:34, 28 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու հերթական նիստի սկզբում շնորհակալություն հայտնեց բոլոր այն անձանց, ովքեր մասնակցել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա հատուկ շնորհակալություն հայտնեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, ում մտահղացումն է եղել ապրիլի 24-ի վիրտուալ երթը։

«Ամեն ինչ շատ գեղեցիկ էր և ամբողջ հայությանը հնարավորություն տվեց մասնակից լինել մի երթի, որն ամեն տարի մենք ֆիզիկապես իրականացրել ենք։ Այս տարի այդ ամենը չիրականացավ ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով»,- նշեց Մարությանը։

Երևանի քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նաև փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին, ինչպես նաև Մշակույթի, Կոմունալ վարչությունների աշխատակազմերին, Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպությանը։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։ 

Լիլիթ Դեմուրյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am