«Էրեբունի պլազա»-ում զինված անձի կողմից պատանդ վերցված քաղաքացիներ չկան

Armenpress 16:00, 23 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում զինված անձի կողմից պատանդ վերցված քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Զինված անձի հետ անձամբ բանակցություն է վարում ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: «Իրավիճակը կայուն և վերահսկելի է: Կրակոցներից տուժածներ չկան: Պատանդ վերցված քաղաքացիներ չկան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Աշոտ Ահարոնյանը:

Պլազայի տարածք են մուտք գործել հատուկ ջոկատայինները, ինչպես նաև շտապօգնության ավտոմեքենան: Դեպքի վայրում է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը:

Ոստիկանությունը հունվարի 23-ին ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am