Շարունակվել են վարչապետի աշխատակազմում նախատեսվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ քննարկումները

Armenpress 15:53, 21 Հունվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությանն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքներին: Վարչապետին ներկայացվել են քաղծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քաղծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստման գործընթացները, ընդհանրապես վերապատրաստման համակարգի կատարելագործմանը միտված աշխատանքները:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է քաղաքացիական ծառայության, պետական կառավարման արդյունավետ համակարգերի ապահովման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացումը: Այդ առումով, վարչապետն ընդգծել է պետական համակարգի թվայնացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև վարչապետի աշխատակազմի այլ ստորաբաժանումների գործունեությանը վերաբերող հարցեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am