Հասարակական

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն (նստավայրը՝ Թբիլիսի) հուլիսի 10-ին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Շնորհավորելով նորանշանակ նվիրակին՝ ԱԳՆ ղեկավարը հաջողություններ մաղթեց արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին իր կարևոր առաքելության մեջ։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափում, դինամիկ և հետևողական երկխոսություն, և Հայաստանը հաստատակամ է շարունակելու այդ համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը պատրաստակամություն հայտնեց իր պաշտոնավարման ընթացքում քայլեր ձեռնարկել փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանը և Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Զրուցակիցները համակարծիք էին, որ միջմշակութային համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, և մտքեր փոխանակեցին այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում երկկողմ կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում