ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի լիազությունները չեն դադարեցվել, ընթանում է ծառայողական քննություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Պետեկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատանքն ու վարչության ղեկավարի գործունեությունն են դարձել ծառայողական քննության առարկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նրա խոսքով՝ վարչության պետ Կարեն Կարապետյանի լիազորությունները դադարեցված չեն, այդպիսի իրավական ակտ ու հրաման չկա, քրեական գործ հարուցված չէ, ընթանում է ծառայողական քննություն:
«Այս ամենի արդյունքում հնարավոր է երեք ելք: Առաջինը՝ հերքվում է տեղեկատվությունը և Կարեն Կարապետյանը շարունակում է պաշտոնավարել, երկրորդ՝ տեղեկատվության մի մասն է հաստատվում և քննարկվում է նրա պաշտոնավարման նպատակահարմարությունը, և երրորդ՝ տեղեկատվությունն ամբողջ ծավալով հաստատվում է և առկա հիմքերով գործն ուղարկվում է Հատուկ քննչական ծառայություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակները ներկայացրեց Դավիթ Անանյանը:
Պաշտոնյան նկատեց, որ Կարեն Կարապետյանը ներկայում շարունակում է իր գործունեությունը, նա համարվում է բարձր պրոֆեսիոնալ: Դավիթ Անանյանը չցանկացավ մանրամասնել, թե կոնկրետ ինչի համար է ծառայուղական քննություն իրականացվում:
Հարցին, որ Կարեն Կարապետյանը սեփական ընկերության շահերից ելնելով ապօրինի ստուգումներ է իրականացրել մրցակից ընկերություններում, Անանյանը պատասխանեց, որ մարդկային ֆանտազիաներն անսպառ են, բայց ինքը չի կարող բացահայտել ծառայողական քննության առարկա գործի մանրամասները: