Հասարակական

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

2 րոպեի ընթերցում

«Զինվորի բաժին» պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ԱԱԾ համագործակցված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա իրավական օգնություն ցույց տալու մասին միջնորդություն է ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասին (Դաշքեսան) հարակից` «Արա լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:

Ի դեպ, քրեական գործի շրջանակում ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով 19.06.2018 թ. ձերբակալվել է Մ. Գրիգորյանի բարեկամ Ա. Հ.-ն:

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են:

Նոր մանրամասներն ու տեսանյութը կհրապարակվեն առաջիկայում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում