Հասարակական

ԱՊՀ վեց երկրներ հայտարարում են հակակոռուպցիոն սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ

3 րոպեի ընթերցում

ԱՊՀ վեց երկրներ հայտարարում են հակակոռուպցիոն սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ վեց երկրներում հայտարարվում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի միջազգային երիտասարդական մրցույթ, որի շրջանակում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 14-ից մինչև 35 տարեկան մասնակիցներին առաջարկվում է պատրաստել թեմատիկ պաստառներ և տեսանյութեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «ՀՀ գլխավոր դատախազությունը հանդիսանում է «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի միջազգային երիտասարդական մրցույթի համակազմակերպիչ:

Մրցույթն անցկացվում է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակներում ` կառուցողական միջազգային համագործակցության կազմակերպման և այդ բացասական սոցիալական երևույթի դեմ պայքարում համատեղ արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 14-ից մինչև 35 տարեկան մասնակիցներին առաջարկվում է պաստառների և տեսանյութերի ձևաչափով պատրաստել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդ:

Ակնկալվում է, որ մրցութային աշխատանքներում կարտացոլվեն հասարակության գործունեության բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի պետության ժամանակակից մեխանիզմները, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային համագործակցության դերն ու նշանակությունը:

Նախատեսվում է, որ մրցույթի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը կհամընկնի Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան՝ դեկտեմբերի 9-ին:

Աշխատանքներն ընդունվում ենwww.anticorruption.life-ի պաշտոնական կայքում՝ 2018 թ. հուլիսի 2-ից մինչև հոկտեմբերի 19-ը:

Մրցույթի անցկացման կանոններին կարող եք ծանոթանալայստեղ:

Հուսով ենք, որ այս յուրահատուկ ծրագիրը ոչ միայն երիտասարդության, այլև ավագ սերնդի ուշադրությունը կսևեռի կոռուպցիայի խնդրին և կծառայի կոռուպցիայի ցանկացած դրսևորման նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Մրցույթի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազությունները, Ղազախստանի Հանրապետության պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործակալությունը, Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությունը:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 25-ին Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է վեց պետությունների կողմից` Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում