Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 8-ին ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ արտգործնախարար Մնացականյանը կարևորեց Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը՝ ընդգծելով կազմակերպության ակտիվ դերակատարումն ԱՄՆ հայ համայնքային կյանքում և ամերիկյան վարչակազմի շրջանում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՀՀ պատվիրակության անդամներն ԱԳ նախարարին ներկայացրեցին Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները:
Հանդիպմանը քննարվեցին հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության խորացման ուղղությամբ գործադրվող ջանքերը, համահայկական նշնակության ծրագրերի իրականացման հեռանկարները:
Նախարար Մնացականյանը զրուցակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության ծրագրում ամրագրված արտաքին քաղաքական առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները: