Տնտեսություն

ՀՀԿ-ն շահագրգռված է, որպեսզի Փաշինյանի կառավարությունը հաջողի. Շարմազանով

2 րոպեի ընթերցում

ՀՀԿ-ն շահագրգռված է, որպեսզի Փաշինյանի կառավարությունը հաջողի. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լինելու է կառուցողական ընդդիմություն և կառավարության գործունեությունը քննադատելու է ըստ էության և փաստերով: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք քննադատելու ենք փաստարկված, այլ ոչ թե ասելու ենք ձեր սանրվածքը մեզ դուր չի գալիս կամ դուք շատ երիտասարդ եք և չպետք է լինեք նախարար: Դա քաղաքական մոտեցում չէ: Մենք գնալու ենք առողջ քննադատության ճանապարհով: Այնտեղ, որտեղ կտեսնենք դրական արդյունք, մենք դա կողջունենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկմանն ինքը ողջունել է այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի վերաբերյալ:

Շարմազանովը շեշտեց, որ չեն լինելու մերժողական ընդդիմություն, այլ լինելու է քաղաքական ընդդիմություն, որը քննադատելու է փաստարկված և որի ցանկացած քննադատության և գործունեության առանցքում լինելու է Հայաստանի և Արցախի ժողովրդի շահը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ իրենք երկար տարիներ իշխանության են եղել, շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում լինել ապակառուցողական ընդդիմություն ու չեն պատրաստվում գնալ այդ ճանապարհով:

Նա նաև ընդգծեց, որ իրենք շահագրգռված են, որպեսզի Փաշինյանի կառավարությունը հաջողի, որովհետև եթե նա հաջողեց, տնտեսության թռիչքային զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ցեղասպանության ճանաչման հարցում առաջընթացը, որի մասին Փաշինյանը հայտարարում է, կարող են իրականություն դառնալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում