«Անմահ գունդ» ակցիայի մասնակիցները հարգեցին հերոսների հիշատակը. Նախագահ Սարգսյանը մասնակցեց քայլերթին
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Անմահ գունդ» խորագրով քայլերթով քաղաքացիները մայիսի 9-ին հարգեցին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակը: Այս տարի քայլերթին էր միացել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակցիան մեկնարկեց Ազատության հրապարակից և ավարտվեց Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
«Մենք շատ ենք կարևորում այս քայլերթը, քանի որ այն օգնում է սերունդներին կապել միմյանց: Քիչ պետություններ կան, որտեղ այս ակցիան անցկացվում է նախագահի մասնակցությամբ»,-ասաց «Հայաստանի անմահ գունդ» ՀԿ-ի ղեկավար Սերգեյ Վարդազարյանը:
Նախագահ Արմեն Սարգսյանը քայլերթին միացավ Մաշտոցի պողոտայից և ավարտեց Հանրապետության հրապարակում: Միացել էին նաև Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը, ԱԺ պատգամավորներ:
«Այս օրը տարբեր երկրներում անցկացվում է քայլերթով: Մայիսի 9-ին մենք հիշատակում ենք ոչ միայն Հայրենական մեծ պատերազմի, այլև Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին»,-նշեց «Անմահ գունդ» ՀԿ-ի նախագահ Գոհար Ղումաշյանը:
Այս տարի ակցիայի մասնակիցները անհամեմատ շատ էին՝ 5000-6000: Մասնակիցներ կային ՀՀ ոստիկանության կրթահամալիրից, ՀՀ պաշտպանության նախարարությունից: Այնտեղ էին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաները: Քայլերթի մասնակիցները բարձրացրել էին Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան հերոսամարտի և 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները: Ոմանք երթին էին դուրս եկել իրենց ազգական հերոսների նկարներով:
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արտակ Շաբոյանը քայլերթին մասնակցում էր Քառօրյա պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի նկարով: «Ինքս ծառայել եմ Արմենակ Ուրֆանյանի վաշտում: Վաշտը միշտ առաջնորդվել է նրա գաղափարներով: Նա մեծ գործ է արել Ապրիլյան քառօրյայում: Նրա պահած մարտական դիրքի ճեղքման դեպքում շրջափակումը շատ հեշտ էր լինելու: Արմենակ Ուրֆանյանի սխրանքը եղավ պաշտպանական այդ շրջանի հաղթանակի առաջին քայլը»,-ասաց նա:
Արտակ Շաբոյանի խոսքով՝ Մայիսի 9-ի խորհուրդն իր համար կրկնապատկվել է հատկապես ծառայությունից հետո: «Երբ զգում ես պատերազմի շունչը, հաղթանակի խորհուրդը քեզ համար փոխվում է»,-նշեց նա:
Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի 4-րդ կուրսի կուրսանտ Հարություն Վանեսյանը քայլերթին մասնակցում եմ Արցախյան պատերազմում զոհված Տիգրան Սարգսյանի նկարով: «Այս օրը բոլոր հայերի համար տոն է: Քայլերթի խորհուրդը շատ մեծ է: Շատ ազգերի մեջ փոքրաթիվ են հայերս: Եվ այս քայլերթով կարող ենք բոլորին մատնացույց անել, որ մեր ազգը բռունցք է միշտ»,-ասաց նա:
Քայլերթն Ազատության հրապարակից շարունակվեց Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոցով դեպի Թումանյան փողոց և տոնական համերգով ավարտվեց «Մոսկվա» կինոթատրոնին հարող Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։
Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում