Հասարակական

Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

4 րոպեի ընթերցում

Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

«Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀԿԳ քննության գլխավոր քննչական վարչությանը»,- գրել է նա:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից,կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ դատախազությունում հարուցված քրեական գործը։

Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց, երբ քաղաքացիական հագուստով երկու անձինք հարձակվել են իր վրա, գցել գետնին, ոտքերով ու ձեռքերով հարվածել, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ դատախազության կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ուղարկվել ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

ՀՀ ՔԿ նախագահի կողմից նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանին Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ քաղաքացիական հագուստով անձինք ծեծի են ենթարկել, նրանտեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բժիշկները լրագրողի մոտ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի ու ծոծրակի հատվածի վնասվածք են ախտորոշել:

Լրագրողը պատմում է, որ մինչ իր նկատմամբ բռնություն գործադրելը, նկատել էր այդ երկու անձանց տարօրինակ վարքագիծը: «Նրանք իրենց չէին պահում որպես հավաքի մասնակից` հեռախոսով պատմում էին, թե ինչ են տեսնում և այլն: Երբ նկատեցին, որ ես իրենց ֆիքսել եմ, սկսեցին իմ տեսադաշտից հեռանալ, սակայնմի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»,- ասաց Մուրադյանը:

Նա այդ անձանց կարողացել է լուսանկարել, ավելի ուշ նկարները կհրապարակի:

ՀՀ գլխավոր դատախազությունըհայտարարում է. «ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում