Հասարակական

ԱԺ-ն ընդունեց պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 64, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 25 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված է, որ այս հարցերը կարգավորվում են բացառապես օրենքով, և նաև պարգևատրման համար նախատեսվում է շքանշանների և մեդալների տրամադրում, այսինքն` հատուկ կոչումները, որ կային գործող օրենքում, այլևս Սահմանադրության տրամաբանության մեջ չեն տեղավորվում:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությունն այլևս հատուկ կոչումով պարգևատրում չի նախատեսում՝ նախագծով նախատեսվել են փոփոխություններ, որով Ազգային հերոսի կոչումը, որը գործող օրենքով համարվում է բարձրագույն կոչում, փոխարինվել է և նախատեսվել է նոր շքանշան, որը կոչվում է Հայրենիքի շքանշան: Օրենքով հստակեցվում է, որ Հայրենիքիշքանշանով պարգևատրած անձը հանդիսանում է Հայաստանի ազգային հերոս: Այս կարգավորումն արվել է այն պատճառով, որ Սահմանադրությամբ հանրապետության նախագահը բարձրագույն կոչում շնորհելու լիազորություն չունի, այլ պարգևատրման համար նախատեսվում է շքանշանների և մեդալների տրամադրում և միայն պատվավոր կոչումների շնորհում:

Անցումային դրույթներում հստակեցվում է, որ մինչև օրենքի ընդունումը «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը պահպանում է իր ուժը, և այդ կոչմանն արժանացած անձինք և նրանց ընտանիքները ունենալու են նույն արտոնությունները, որոնք ունեին մինչև օրենքն ուժի մեջ մտնելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում