Հասարակական

Մարտի 1-ի զոհերի հիշատակի երթի մասնակիցները պահանջում են պատժել մեղավորներին

3 րոպեի ընթերցում

Մարտի 1-ի զոհերի հիշատակի երթի մասնակիցները պահանջում են պատժել մեղավորներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակից երեկոյան մեկնարկած՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի նախաձեռնած երթն ավարտվեց Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին՝ հարգելով մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, երթի մեկնարկից առաջ միջոցառման կազմակերպիչներն Ազատության հրապարակում հանդես եկան ելույթներով՝ պահանջելով պատժել 2008թ-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների մեղավորներին:

«Օրվա ընթացքում արդեն հասցրել ենք խմբերով այցելել տասը զոհերի շիրիմներին, ծաղիկ խոնարհել, իսկ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է հոգեհանգստյան կարգ` նրանց ծնողների և հարազատների մասնակցությամբ: Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն սգալու, այլև հիշելու համար: Հարգանքն ու հիշելն առաջին պայմանն են, բայց դրան անմիջապես հաջորդում է պայքարը»,-ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

Քաղաքական գործիչը ներողություն խնդրեց, որ չեն կարողացել իրագործել զոհերին նվիրված հուշարձան կանգնեցնելու իրենց խոստումը, բայց այս տարի մարտի 1-ի դեպքերի հավաքական փաստաթղթերի ժողովածու են հրատարակել:

Ելույթ ունեցավ նաև մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը, ով նշեց, որ չնայած տասը տարի է անցել, բայց իր կարծիքով, սայլը տեղից չի շարժվել ու գործը չի բացահայտվել: «Մենք պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ այս գործը չի բացահայտվել»,-ասաց Սարգիս Քլոյանը:

Երթի մասնակիցներին ուղեկցող ոստիկանները ևս հարգեցին զոհերի հիշատակը:

Մարտի 1-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորները: Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ևս հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին:

«Ես գիտեմ, որ խորհրդարանն արդեն հարգել է մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ես էլ իմ հերթին ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել այս ողբերգական իրադարձության զոհերի հիշատակին»,- նշեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն:

2008թ-ի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում զոհվել էր 8 քաղաքացիական անձ և երկու ոստիկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում