Տնտեսություն

Տնտեսագետն առաջարկում է ապրանքների թանկացման դեպքում սուբսիդավորել սոցիալապես խոցելի խմբերին

3 րոպեի ընթերցում

Տնտեսագետն առաջարկում է ապրանքների թանկացման դեպքում սուբսիդավորել սոցիալապես խոցելի խմբերին

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ Աշոտ Թավադյանն առաջարկում է 2018-ից ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված երրորդ երկրներից ներմուծվող որոշ ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացման արդյունքում առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման դեպքում սոցիալապես խոցելի խավերին փոխհատուցել: Տնտեսագիտության դոկտոր պրոֆեսորի խոսքով` խաղի կանոններն են թելադրում մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացում, որը, սակայն, ավելին չէ, քան պահանջում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունը:

«Մաքսատուրքերի ավելացումը դեռ չի նշանակում, որ ավտոմատ գների բարձրացում կարձանագրվի: Իհարկե, որոշակի փոխարինում ԵԱՏՄ ապրանքներով տեղի կունենա, ես դա կարող եմ վստահաբար ասել: Երկրորդ` գյուղատնտեսական արտադրանքի դեպքում` հնարավոր է տեղի արտադրանքի պաշտպանություն և խրախուսում: Երրորդ` որոշակի ապրանքների գների զգալի բարձրացման պարագայում, եթե դրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են, սոցիալապես անապահով խավերին փոխհատուցելու խնդիր է առաջանում: Եթե մաքսատուրքերից որոշակի ավելացում կա, այդ գումարը գնում է պետական բյուջե, այդ խողովակը պետք է օգտագործենք սոցիալապես խոցելի խավերին փոխհատուցելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աշոտ Թավադյանը:

Նա նշեց, որ հայաստանյան շուկայում ապրանքատեսականու այլընտրանքների բացակայության վտանգ չի առաջանա:

Տնտեսագետը հիշեցրեց այն առավելությունները, որ ստանում է Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելով: Նրա խոսքով` առաջինը` համեմատաբար էժան էներգառեսուրսներ ստանալն է, որն ուղղված է հայկական ապրանքն առավել մրցունակ դարձնելուն: «Երկրորդը, որ մենք հնարավորություն ենք ունենում առանց մաքսատուրքերի մեր պատրաստի արտադրանքն արտահանել հիմնականում ԵԱՏՄ լիդեր Ռուսաստան: Որևէ երկիր հումք արտահանելը խնդիր չէ, խնդիրը պատրաստի արտադրանք արտահանելն է, իսկ ԵԱՏՄ-ն նպաստում է դրան»,-հավելեց մեր զրուցակիցը:

Նա վկայակոչեց նաև ԵԱՏՄ պայմանագրի 114-րդ հոդվածը` համաձայն որի Հայաստանը կարող է երրորդ երկրների հետ ազատ առևտրի ռեժիմ ունենալ ու օգտվել այդ հնարավորությունից`մեղմացնելով ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:

Աշոտ Թավադյանն ավելացրեց, որ վստահ է` շուտով Իրանի հետ ազատ առևտրի ռեժիմ կհաստատվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում