Հասարակական

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի հետ

2 րոպեի ընթերցում

Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար Սերգեյ Չերյոմինի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինի հետ, ով Երևանում է գտնվում hայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրազիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովներին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին և բարձր գնահատելով երկու մայրաքաղաքների միջև ձևավորված բարեկամական սերտ կապերն ու գործընկերային հարաբերությունները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է երկուստեք հարաբերությունների խորացման և ամրապնդման կարևորությունը:

«Մոսկվայի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումը մեր կարևոր ուղղություններից է, և համոզված եմ, որ ձևավորված գործնական մթնոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով համատեղ ծրագրերի շարունակականությունը: Վստահ եմ, որ համատեղելով մեր ուժերը, նոր որակ կհաղորդենք երկու մայրաքաղաքների փոխգործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու առիթն օգտագործելով նաև իր ողջույններն է փոխանցել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին:

Իր հերթին քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցելով Մոսկվայի քաղաքապետի ջերմ ողջույնները` Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ Մոսկվան ևս բարձր է գնահատում Երևանի հետ փոխգործակցությունը:

Հանդիպման շրջանակում մտքեր են փոխանակվել նաև Մոսկվայում Երևանի օրերի անցկացման, ինչպես նաև Երևանի և Մոսկվայի միջև համագործակցության նոր ծրագրի ստորագրման հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում