Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հայ պատգամավորներն առաջարկում են Լապշինի արտահանձնմանը հակադարձ քայլեր ձեռնարկել

Հայ պատգամավորներն առաջարկում են Լապշինի արտահանձնմանը հակադարձ քայլեր 
ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները միաձայն դատապարտում են Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնումը և առաջարկում են համարժեք քայլեր ձեռնարկել: Ազգային ժողովի նիստի մեկնարկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ընդգծեց, որ Լապշինի արտահանձնումը տեղի է ունեցել միջազգային բոլոր նորմերի և մարդու իրավունքների խախտումներով: «Այստեղ մի շատ կարևոր քայլ կա: Բացի այն, որ սա մարդուն ազատ կամարտահայտման իրավունքից զրկելու դեպք է, այդ մարդուն մեղադրում են Լեռնային Ղարաբաղի այցելելու համար: Ես կարծում եմ, որ սա այն սովորական դեպքը չէ, որ մենք բավարարվենք այստեղ կամ այնտեղ սրա մասին խոսելով: Ազգային ժողովը՝ որպես Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմին, պետք է իր հստակ դիրքորոշումն արտահայտի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Քոքոբելյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ ընդգծեց, որ կասկած չունի, որ Ադրբեջանի իշխանությունները Լապշինին դատապարտելու քաղաքական համարձակություն չեն ունենա և որևէ պատրվակ կգտնեն նրան Ռուսաստանին կամ Իսրայելին արտահանձնելու համար: «Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այս ուղերձն ուղղված է բոլոր այն մշակութային և քաղաքական գործիչներին, ովքեր Արցախ այցելելու ցանկություն ունեն: Ես ցանկանում եմ ընդգծել, որ նույնիսկ Ստալինի նման բռնապետին չի հաջողվել ստիպել իր երկրի քաղաքացիներին մտածել այնպես, ինչպես ինքն է ցանկացել: Վստահաբար դա չի հաջողվելու նաև Բելառուսի և Ադրբեջանի նախագահներին: Բայց այստեղ կա ևս մեկ մտահոգիչ հանգամանք: ԵԱՏՄ-ն և ՀԱՊԿ-ն, իսկ Բելառուսը՝ որպես դաշնակից պետություն, սկսում են հայ հանրության աչքում սկսում են արժեզրկվել, և Ռուսաստանն այստեղ մտահոգվելու տեղ ունի»,-նշեց Ֆարմանյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ իր մտահոգությունը հայտնեց և ընդգծեց, որ Լապշինի արտահանձնումը ուղղակի հարված է ՀԱՊԿ համակարգին և ստվերում է ջանքերը, որ իրականացվում են այդ կարևոր կառույցի շրջանակներում:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ Բելառուսի քայլը որակեց լկտիություն և աննախադեպ ցինիզմ: Պատգամավորը նշեց, որ ինքը կողմ կլինի, որպեսզի այս պահին ՀՀ-ն սառեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին մինչև խնդիրը կստանա համապատասխան իրավական լուծում:

Պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ իր մտահոգությունը հայտնեց խնդրի վերաբերյալ և առաջարկեց ակտիվ  աշխատել Ռուսաստանի և Իսրայելի հետ, քանի որ Լապշինն այդ երկրների քաղաքացի է և դա նաև այդ երկրների խնդիրն է: Սակայն նա դեմ արտահայտվեց կարծիքներին, որ ՀՀ-ն պետք է սառեցնի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Նրա խոսքով՝ դա իռացիոնալ քայլ կլինի:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ԱԺ նախագահին առաջարկեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին հանձնարարել պատրաստել հայտարարության տեքստ, որով ՀՀ խորհրդարանը կդատապարտի Բելառուսի կողմից Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու քայլը:

Պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Վահրամ Բաղդասարյանն էլ առաջարկեցին որպես հակադարձ քայլ դնել Բելառուսին ՀԱՊԿ-ից դուրս հանելու հարցը:

Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվի Ադրբեջան:

Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով: Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am