Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունն այևս անցյալում է. ՀՀ Նախագահ

Դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունն այևս անցյալում 
է. ՀՀ Նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակելու է տնտեսական առաջանցիկ աճը՝ ապավինելով իր ուժերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀԿ 16-րդ համագումարում հայտարարեց ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Մենք բավարարված չենք ներկայիս ցուցանիշներով, հակառակ դեպքում կարիք չէինք ունենա անընդհատ խոսելու կտրուկ փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ավելին, ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ: Մենք մեծացրինք արտաքին պարտքը, սակայն, նախ վերցրած արտաքին պարտքը կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ՝ արտաքին պարտքի հիմնական մասը ներդրվեց հեռանկարային ենթակառուցվածքային այնպիսի ծրագրերում, ինչպիսիք են Հյուսիս-հարավ ավտոճանապարհը եւ երկրի անվտանգությունը: Այն, բնականաբար, չի վատնվել ընթացիկ ծախսերի վրա»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ գալիք տարիներին փոփոխությունները լինելու են բեկումնային:

«Հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը: Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,- հավելեց նա:

Հայաստանն, ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների, այնպիսի մակրոտնտեսական միջավայր է ապահովել, որտեղ ցնցումները կարգավորվում են տոկոսադրույքի քաղաքականությամբ, կամ բյուջեի դեֆիցիտի համապատասխանեցմամբ, որտեղ փոխարժեքի կտրուկ տատանումը նույնականորեն չի բարձրացնում գները եւ նվազեցնում մարդկանց իրական եկամուտները, որտեղ մարդը կարող է երկարաժամկետ պլանավորել իր խնայողությունները, կուտակել թոշակը:

«Համեմատության համար, շատ երկրներում ֆինանսական ճգնաժամի հետեւանքով բնակչության զգալի հատված հայտնվեց փողոցում, կամ պետական պահուստների ահռելի կրճատում արեցին, անգամ՝ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներ ուղղեցին իրավիճակի կայունացմանը, կամ էապես օգտագործեցին նավթային եկամուտներից ստացված պահուստները: Ուշագրավ էր «Ռոյթերս» գործակալության նվերլուծությունը, որտեղ ընդգծվում էր Հայաստանի ֆինանսական ճգնաժամի հանդեպ ճկուն եւ որոշիչ քաղաքականությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում Հայաստանը ռեկորդակիր է ճգնաժամի հանդեպ արված քաղաքական որոշումների քանակով: Այսպես, 2016-ի ընթացքում Հայաստանը 9 անգամ անգամ անդրադարձել ու կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույթը, վերջերս արդեն 10-րդ անգամ այն իջեցվեց եւ 2015թ-ի 10.5 տոկոսից այն արդեն այսօր հասել է 6.5 տոկոսի»,- հիշեցրեց Սերժ Սարգսյանը:

Արդյունքում, Հայաստանը, որպես հետճգնաժամային իրավիճակին արձագանքող, դարձավ լավագույններից մեկը՝ տալով տնտեսության ընդլայնում դրամավարկային քաղաքականության լուրջ հիմքեր: «Հերթը տնտեսվարողինն է եւ մեր գործարարի պրպտող, ստեղծագործող ու մրցունակ մտքինը, որի արդյունքների ականատեսն ենք այսօր եւ դրանք, իհարկե, բազմապատկվելու են»,- եզրափակեց հանրապետության ղեկավարը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am