Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նախարար Արամյանը 2017 թվականի բյուջեն երկրի տնտեսական իրականությունն արտացոլող է համարում

Նախարար Արամյանը 2017 թվականի բյուջեն երկրի տնտեսական իրականությունն արտացոլող 
է համարում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 2017 թվականի բյուջեի նախագծման համար հաշվի է առնվել ընդհանուր տնտեսական միջավայրը: Փորձ է արվել ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի երկրի տնտեսական իրականությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ինչո՞ւ այսպիսի բյուջեի նախագիծ ներկայացրեցինք: Նախ, հարցին անդրադառնամ տնտեսական զարգացման տեսանկյունից: Ինձ շատ են հարցնում, թե վարչապետն ասել է, տնտեսական իրավիճակը բավական բարդ է: Այդ խոսքերը խնդրում եմ ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձևավորել բացասական սպասումներ: Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը յուրահատուկ չէ: Ամբողջ աշխարհում է այդպես, թե զարգացող երկրներում, թե տարածաշրջանի երկրներում նման իրավիճակ է դրսևորվում»,- ասաց Վարդան Արամյանը: Նրա խոսքով, պատճառները հետևյալն են. վերջին երկու տարիների ընթացքում երկու խոշոր զարգացում եղավ:

Առաջինը, երբ ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին, իսկ Ռուսաստանը Հայաստանի կարևորագույն առևտրային գործընկեր է ու հիմնական դրամական փոխանցումները կատարվում են ՌԴ-ից: Բնական է, որ դա պետք է բացասական ազդեցություն ունենար փոխանցումների վրա:

Երկրորդ խնդիրը վերաբերում է համաշխարհային շուկայում հանքահումքային ապրանքների գների նվազմանը: Ընդհանուր առմամբ, հանքահումքային ապրանքների գների մոտ 20 տոկոս անկում է նկատվել: Նախարարը նշեց, որ Հայաստանը հումք արտահանող երկիր է, արտահանման շուրջ 50 տոկոսը հանքահումքային ապրանքներն են, մետաղական հանածոներ: Գների անկմամբ պայմանավորված, նույն ծավալի հումք արտահանելու դեպքում ավելի քիչ արտարժույթ է ստացվել: Արդյունքում՝  միայն տրանսֆերտները երկու տարիների ընթացքում՝ 2014-2015 թթ-ին, կրճատվել են շուրջ 700 մլն դոլարով, իսկ 2016թ-ին սպասվում է, որ կկրճատվի շուրջ 140 մլն դոլարով: Ակնհայտ է, որ Հայաստան այդքան արտարժույթ չի մտել:

«Այս դեպքում, եթե կառավարությունը հակազդող քայլեր չձեռնարկեր, ապա կլիներ բացասական տնտեսական աճ: Դրա համար, վերջին երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է ընդլայնողական: Դա նշանակում է, որ ավելի շատ ծախս է կատարվել, և դեֆիցիտի հաշվին ավելի շատ գումար է ներարկվել տնտեսություն, որպեսզի փոխհատուցեն արտաքին աշխարհից կրճատվող արտարժութային հոսքերը: Դա հանգեցրել է նրան, որ 2015 թվականին ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդը կազմել է 4,8 տոկոս, իսկ 2016-ի արդյունքներով` 5,9-6 տոկոս է ակնկալվում»,- նշեց Վարդան Արամյանը: Ըստ նրա՝ մեծ պակասուրդ ունենալու դեպքում, պետք էր նույն չափով էլ պարտք վերցնել:

«Ըստ ցուցանիշների` պարտքը 2014, 2015, 2016 թվականներին, մոտավորապես 900 մլն-ի չափով աճում է: Դա գրեթե նույնքան է, որքան կրճատումներ ունեցել ենք տրանսֆերտների մասով: Այսինքն, եթե հարկաբյուջետային ընդլայնման քաղաքականություն չունենայինք, ապա կլիներ փոխարժեքի կտրուկ արժեզրկում, կունենայինք տնտեսական աճի ավելի ցածր մակարդակ»,-հավելեց նախարարը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am