«Հայփոստ»-ը կանոնավոր փոխադրումներ կիրականացնի դեպի Եվրոպա
2 րոպեի ընթերցում
![«Հայփոստ»-ը կանոնավոր փոխադրումներ կիրականացնի դեպի Եվրոպա](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/09/861963.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 29-ին Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ»-ը ներկայացրեց աննախադեպ նոր ծառայություն և ձեռք բերված նոր մեքենաներ, որոնք ուղիղ բեռնափոխադրումներ կսկսեն դեպի Եվրոպա: Շնորհանդեսին ներկա է գտնվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա բարձր գնահատեց «Հայփոստ»-ի կողմից կատարված ներդրումը:
«Հուսով եմ, որ այս ներդրումը կնվազեցնի սպասարկման վարձի գները: Իհարկե, այս ամենը կախված է «Հայփոստ»-ի ղեկավարությունից և փոխադրվող բեռների քանակից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
2016 թվականի հոկտեբերի 1-ից Հայփոստն իրականացնելու է փոստի և բեռների կանոնավոր չվացուցակով պարբերական փոխադրումները դեպի Եվրոպա և հակառակ ուղղությամբ, ինչի շնորհիվ ամրապնդվելու է Հայաստանի կապը եվրոպական երկրների հետ:
Այս նորարարական բեռնափոխադրումների ծառայությունը կօժանդակի ապրանքների ներկրման և արտահանման գործընթացին՝ ընկերություններին թույլ տալով ընդլայնել իրենց գործունեությունը:
Նոր ծառայության մատուցման նպատակով «Հայփոստ»ը ձեռք է բերել 2 նոր բեռնատար մեքենա, որոնց բեռնատարությունը կազմում է 27 տոննա: Մեքենաները կարող են հաղթահարել մինչև 4500 կմ ճանապարհ:
Նշված բեռնատարերի հետ մեկտեղ «Հայփոստ»-ի շարժակազմը համալրվել է 12 նոր ֆուրգոններով, որոնց երթուղիները կմեծացնեն Հայաստանի միջմարզային կապը:
Այս նոր 14 մեքենաների համար ամբողջական ներդրումը կազմում է մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Վերջին 7 տարվա ընթացքում «Հայփոստ Թրանսթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն իր շարժակազմը համալրել է 140 մեքենայով: Ընկերությունը վերանորոգել և արդիանականացրել է 250 փոստային բաժանմունք հանրապետության ամբողջ տարածքում: