Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում կազմակերպել

ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում 
կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խումբը կապ է պահպանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ ԼՂ հակամարտության կարգավորման հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը հունիսի 20-ին տեղի Է ունեցել Սանկտ Պետերբուրգում եռակողմ ձեւաչափով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ավելի վաղ Սարգսյանը եւ Ալիեւը մայիսի 16-ին հանդիպել են Վիեննայում:

«Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումների ժամանակ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հաստատեցին հաջորդ հանդիպումն անցկացնելու պատրաստակամությունը՝ բանակցային գործընթացի առաջխաղացումն ապահովելու նպատակով: Մենք շարունակում ենք նախագահների միջեւ հաջորդ հանդիպման կազմակերպման հնարավորությունների որոնումը եւ կապ ենք պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ արտաքին գործերի նախարարների հետ՝ հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկությունները քննարկելու համար»,-հայտարարել Է Ուորլիքը:

Նա նաեւ ողջունել Է որպես ԼՂ հակամարտության լուծման երաշխավոր հանդես գալու Ռուսաստանի առաջարկը:

«Մենք ողջունում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը այն ջանքերին, որոնք նպատակամղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն լուծման հասնելուն»,-ասել Է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Օգոստոսի 10-ին Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած բանակցություններից հետո հայտարարել Էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանն իրապես ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից: «Ռուսաստանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի մի քանի այլ երկրներ կարող են հանդես գալ որպես ղարաբաղյան հակամարտության լուծման երաշխավոր»,-ասել Է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am