Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արցախի վարչապետը մասնակցել է Ասկերանում կառուցված մանկապարտեզի բացման արարողությանը

Արցախի վարչապետը մասնակցել է Ասկերանում կառուցված մանկապարտեզի բացման 
արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 30-ին Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Տորոնտոյի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ տարիներ ի վեր Արցախում վերականգնման և զարգացման ծրագրերին ակտիվ մասնակցելու համար, և հույս հայտնել, որ հիմնադրամն այսուհետ նոր ակտիվությամբ կշարունակի իր գործունեությունը:

«Սփյուռքի սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք միշտ բարձր ենք գնահատել ձեր կողմից Արցախում ամեն մի ներդրված լուման: Այսօր ձեր սրտացավ վերաբերմունքի շնորհիվ՝ մենք ձեզ հետ միասին հերթական տոնն ենք նշում, քանի որ Արցախում ընդունված է կրթօջախի բացումը տոն համարել: Ասեմ ավելին՝ այսօրինակ ծրագրերով մենք հարգում ենք նաև մեր զոհված հերոս տղաների պայծառ հիշատակը, քանի որ նրանք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի պահպանման և շենացման»,- ասել է վարչապետը՝ ծրագրի իրականացման գործում հետևողական աշխատանք ցուցաբերելու համար հատուկ շնորհակալություն հայտնելով հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանին:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը շրջել է մանկապարտեզի շենքում, ծանոթացել առկա պայմաններին: Իվանյան համայնքի մանկապարտեզի հանդիսավոր բացմանը մասնակցում էին նաև այս օրերին Արցախում գտնվող «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչներ՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am